16  11  2019

Իշխանության գլխավոր վախը․ Երևանում տեղի ունեցած կարևոր իրադարձության մասին

Իշխանության գլխավոր վախը․ Երևանում տեղի ունեցած կարևոր իրադարձության մասին

«Վերնատուն» ակումբի համաժողովը վերջին ամիսների ամենակարևոր քաղաքական իրադարձությունը կարելի է համարել Հայաստանում։ Ինչո՞ւ։

Փաստ է, Հայաստանում ընդդիմադիր տրամադրությունները գնալով գերիշխող են դառնում։ Իշխանական գործիչների հարցարզրույցները, հրապարակային խոսքը, դատելով դրանց դիտումների թվից ու քննարկման բացակայությունից, մարդկանց սկսել են քիչ հետաքրքրել։ Որովհետև մեր խնդիրները գնալով կուտակվում են, բայց լուծումներ չկան, լուծման մասին խոսք չկա։ Դրա փոխարեն իշխանությունը հրապարակ է նետում զբաղմունքի թեմաներ միասեռականության, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան հանգստի, քաղաքացու և պետության համար ոչ պիտանի՝ աղբի մասին։

Իսկ «Վերնատան» միջոցառումը զուտ քննարկում չէր։ Այնտեղ մտքեր էին, թե ինչպես պետք է լուծել Հայաստանի խնդիրները՝ արտաքին քաղաքական, Արցախի հարցով, տնտեսության հարցով, ներքին խնդիրները, արդարադատության խնդիրները, որոնք գնալով կուտակվում են ու աղետի վերածվելու սպառնալիք են պարունակում։ Ելույթները բազմապիսի էին, խորքային ու ճիշտ։ Նրանք միայն քննադատություն չէին, կառուցողական էին, լեցուն էին հիմնականում առաջարկով։ Թեմաներ էին, որոնք չես տեսնի կառավարողների խոսակցության տիրույթում, բայց դրանք կան, ծառացել են մեր երկրի գլխին։

Օրինակ, զուգահեռ ի՞նչ խնդիրներ էր քննարկում, ինչ տեսակետ էին հայտնում իշխանության ներկայացուցիչները, ինչի՞ց էին խոսում․ «Սեռափոխության մասին ֆիլմ չնկարելը խարան է», «Սևանով չենք կարող գնալ Արմավիր», «Նռան գույնը ֆիլմի իմաստը չեմ հասկանում», «Շուտ պրծեք, կթողե՞ք հաց ուտենք»․․․

Գաղափարների, բառապաշարի, իրողությունների ընկալման, մտահորիզոնի տարբերությունը, ակնհայտ է։

Ու սա է պատճառը, որ «Վերնատան» քննարկումն ավելի շատ ստվերային կառավարության տպավորություն թողեց, որտեղ ենթադրյալ արտգործնախարարը, արդարադատության նախարարը, էկոնոմիկայի նախարարը, պաշտպանության նախարարը քննարկում էին մեր խնդիրներն ու անելիքները։ Այնտեղ չկար իշխանության սևացում, այլ խնդիրների վերլուծություն և առաջարկ էր։ Անպատասխան։

Ու հենց սա է ինֆարկտի դուռը հասցնում շատերին՝ վարչապետին, կառավարության անդամներին, իրենց մամուլը, ֆեյքերին։ Նրանք վախենում են, որ խնդիրները մեկիկ մեկիկ ներկայացնելուց, քննադատելուց հետո հանկարծ մի օր էլ և կներկայացվի իշխանափոխության պահանջ։ Ու այդ վախից նիկոլական մամուլը մղկտում էր, Հ1-ն ինքն իրեն ասֆալտին փռեց։

Որևէ մեկը չասաց, որ Արցախի հարցում հնչած Դավիթ Շահնազարյանի, Վազգեն Մանուկյանի և մյուսների տեսակետը սուտ է, որ Ռուբեն Հակոբյանի տեսակետը ներքաղաքական խնդիրների, Ռադիոն գրավելու մասին սխալ էր, որ Ռուբեն Մելիքյանը սխալ խոսեց արդարադատության մասին։ Ոչ, նրանք սկսեցին սևացնել։ Անճարակությունից։

Որովհետև կա վախ, որ քաղաքական օրակարգը, իրական օրակարգը ձևավորվել է ԱԺ-ից, իշխանությունից դուրս, արտախորհրդարանական, իրական քաղաքական ճամբարում։ Այս համաժողովը ցույց տվեց, որ Հայաստանում արտախորհրդարանական քաղաքական միտքն ավելի ուժեղ է, պինդ ու գիտակից, քան խորհրդարանական բոլոր ուժերինը միասին։ Մտքերն ու վերլուծությունները ներկայացնում էին թե՝ քաղաքական հնաբնակներ, թե երիտասարդ, անփորձ, բայց նոր մտքերով և տեսլականով գործիչներ։

Ի դեպ՝ «դարն ապրած գործիչների» մասին։

Իր կադրային քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ Հայաստանում երիտասարդ պետական գործիչ լինելը ամենևին էլ առավելություն չէ, իր օրինակով՝ թերություն է, ու դա նշանակում է փորձի պակաս, անմտություն, դա նշանակում է արտաքին ճակատում Հայաստանի դիրքերի թուլացում, դա նշանակում է անցյալի մերժում և նոր՝ աշխարհին անհայտ տեսակետից պատմության կերտում։

Այնպես որ, որքան էլ իշխանական թևն իրեն պատեպատ տա, Հայաստանում տեղի ունեցավ բան, որը վաղուց սպասելի էր։ Ակնհայտ դարձավ, որ այդ բոլոր մարդկանց առաջին իսկ հավաքն «իրար գլուխ», ճաք գցեց իշխանության մտածմունքների մեջ։

Իսկ «Վերնատունը» խոստացել է հաճախ հավաքներ անել, ընդ որում՝ ոչ միայն Երևանում։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ