29  10  2019

Փայտի՞կը ուր է, փայտի՜կը․․․

Փայտի՞կը ուր է, փայտի՜կը․․․

Հայաստանի տնտեսության շարունակվող վատթարացման ֆոնին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում «տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է» պարզապես զավեշտալի է։ Դեռ մի կողմ թողնենք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում նրա հորինած «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը։  Պարզապես հորինել է անգամ իր համար անհասկանալի տերմին՝ փորձելով հավաստիացնել, որ տնտեսությունը հեղափոխական տեմպերով զարգանալու է։ Չի ստացվում իհարկե՝ անգամ «հպարտների» զանգվածից դժվար թե գտնվի որևէ մեկը, որը կարողանա բացատրել, թե ի՞նչ է նշանակում դա։

Սակայն ավելի վատն այն է, որ վարչապետ դարձածը շարունակում է մարդկանց խաբել։ Նրան անգամ չի վհատեցնում այն փաստը, որ նույն մարդիկ շարունակում են պնդել, որ իրենց սոցիալական վիճակը չի փոխվել վերջին մեկուկես տարում, իսկ շատերն էլ պնդում են, որ ավելի է վատացել։ Ճիշտ է, նրանց մի մասը դեռ հույս ունի, որ «լավ կլինի», բայց որ այս պահին այդ «լավը» չկա՝ ակնհայտ է նույնիսկ նրանց համար։ Սակայն այդ մարդիկ, ցավոք, չգիտեն կամ չեն գիտակցում, որ այդ «լավը», մեղմ ասած, մնալու է անհասանելի։ Բավական է ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային Ժողովում 2020 թ․-ի բյուջեն ներկայացնող ելույթին, որպեսզի պարզ լինի դա։

«Մենք բյուջեի հիմքում դրել ենք պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեական կայունությունը», նշել է «թավշյա» վարչապետը։ Այսինքն, մի կողմից «տնտեսական հեղափոխություն», մյուս կողմից՝ «պահպանողական կանխատեսում»։ Քիչ թե շատ գրագետ մարդը պետք է հասկանա, որ դրանք տրամագծորեն տարբեր հասկացություններ են։ Եթե 2020 թ․-ի պետական բյուջեի հիմքում դրվել է 4,9 տոկոս տնտեսական աճ, ապա դա ոչ մի էական փոփոխության չի բերելու «լավ բանի» սպասողների համար։

Ինչպե՞ս է փորձում արդարացնել սա Նիկոլ Փաշինյանը։ «2018 թվականի բյուջեի նախագծում 4,5 տոկոսանոց տնտեսական աճ էր նախտեսված, բայց, փաստացի, մենք ապահովեցինք 5,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ», ասել է նա։ Դարձյալ սուտ, քանի որ կիսաճշմարտությունը ամենավտանգավոր սուտն է։

Բանն այն է, որ թեև 2018 թ․-ի պետական բյուջեում դրված էր 4,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, բայց նախորդ՝ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությանը հաջողվել էր 2018 թ․-ի առաջին եռամսյակում ապահովել 10,3 տոկոս տնտեսական աճ։ Այդ բարձր տնտեսական աճը Նիկոլ Փաշինյանն ու նրա հեղափոխական կառավարությունը «կիսեց»՝ տարվա վերջում թողնելով 5,2 տոկոսը։  Եվ դեռ հարցական է որքանո՞վ է իրականությանը համապատասխանում 5,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, քանի որ տարվա վերջից վիճակագրությունը սկսեց խայտառակ ձևով կեղծել տվյալները՝ թաքցնելու համար տնտեսական թավագլոր անկումը։ Այս ամենից հետո, ցանկացած մեկը առնվազն կլռեր իր պատճառով տնտեսական աճի նման կտրուկ անկման մասին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի լռում, այլ առանց աչքը թարթելու դա ներկայացնում է որպես հաջողություն։ 

Նիկոլ Փաշինյանը ազնիվ կգտնվեր, եթե անկեղծորեն ասեր, որ մեկուկես տարում սոցիալական կացության կտրուկ բարելավում ունեցել են միայն ինքը, իր ընտանիքը, հարազատները, իր հետ «քայլածները», որոնք դարձան պատգամավորները, նախարարներ, փոխնախարարներ, այլ պաշտոնյաներ։ Նրանց աշխատավարձերն ու եկամուտներն են աննախադեպ բարձրանում, բյուջեից նրանց համար են ահռելի գումարներ հատկացվում շրջագայությունների և այլ վայելքների համար։ Սակայն Նիկոլ Փաշինյանը երբեք ազնիվ չի եղել և չի լինի։ Մնում է, որ դա վերջապես հասկանան նրան հավատացողները։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ