01  11  2019

Փաշինյանը փորձում է լռեցնել Վանեցյանին․ Politik.am

Փաշինյանը փորձում է լռեցնել Վանեցյանին․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Օրերս մենք գրել էինք, որ իրավապահ ամբողջ համակարգը լծված է ԱԱԾ նախկին տնօրեն  Արթուր Վանեցյանի գործունեության ստուգմամբ։ Մամուլում գրվել է, որ ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում ԱԱԾ-ում, սակայն ըստ մեր աղբյուրների լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել, որոնց հիման վրա հնարավոր կլինի քրեական գործ հարուցել։

Հիմա իրավապահների ուշադրության կենտրոնում են մի քանի գործարարներ, նախկին օլիգարխներ, ովքեր ըստ իշխանության կարող էին գումարներ տված լինել Վանեցյանին, իրենց նկատմամբ ԱԱԾ բարեացկամ վերաբերմունքը ապահովելու համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ ղեկավարը գրեթե ամեն օր զեկուցում է Փաշինյանին արձանագրված արդյունքների մասին։ Ըստ նույն աղբյուրների Վանեցյանի ձերբակալության հարցը որոշված է։

Մեր հրապարակումից կարճ ժամանակ անց ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը հերքեց մեր տեղեկատվությունը, չնայած այն հանգամանքին, որ մեր հրապարակման մեջ նշված էր, որ Վանեցյանի վերաբերյալ գործը կազմվում է ՀՔԾ-ում։

Իշխանություններն իրականում հերքելու պատճառներ ունեին։ Նրանց համար ցանկալի չէր իրենց ծրագրի բացահայտումը, քանի որ նախապատրաստվող քրեական գործին զուգահեռ, ըստ մեր աղբյուրների Արթուր Վանեցյանի հետ նաև բացատրական աշխատանքներ են տարվում։ Փաշինյանը բանագնացներ է ուղարկում Վանեցյանի մոտ, որպեսզի պայմանավորվի նրա հետ։

ԱԱԾ նախկին պետն իր հայտարարություններից մեկում արդեն հրապարակային էր դարձրել վարչապետի փորձերը իրեն լռեցնելու մասին։ Վանեցյանը նաև նկատել էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտվել է Փաշինյանի կողմից։

Հիմա Փաշինյանը հասկանում է, որ Վանեցյանի խոսելը կամ տեղեկատվական արտահոսքեր կազմակերպելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել իշխանությունների և անձամբ իր համար։ Սա է պատճառը, որ ակտիվ բանակցություններ են վարվում։ Եթե Վանեցյանը համաձայնվի լռել, ապա շատ հավանական է, որ իշխանություններն էլ մոռանան քրեական գործ հարուցելու մասին։ Երկու կողմն էլ այս դեպքում կշարունակեն ապրել «չաղ և բախտավոր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ